Պարօդոնտոլոգիա

 Պարօդոնտոլոգիան զբաղվում է շուրջատամնային հյուսվածքների հիվանդությունների  բուժման և կանխարգելման հարցերով: Փորցենք հանրամատչելի լեզվով  ծանոթացնել որոշ բժշկական տերմինների  և տեղեկացնենք բուժական անհրաժեշտ միջոցառումների մասին:

Պարադոնտոլոգիայի հիմնական խնդիրներն են.

  1.Գինգիվիտ

  2.Պարօդոնտիտ

  3.Պարօդոնտոզ

 

• Գինգիվիտը լնդաբորբի վաղ փուլն է. արտահայտվում է լնդային  թեթև արյունահոսությամբ, քորով և քիչ քանակի ատամնային նստվածքներով (ատամնաքար, ատամնափառ)

• Պարօդոնտիտը գինգիվիտի հաջորդ`երկրորդ փուլն է. բնորոշ են`  կարծր ատամնային նստվածքներ, տհաճ հոտ, այտուցված և արյունահոսող լնդեր, լնդագրպանիկներ որոնք բերում են ատամների շարժի:

• Պարօդոնտոզը հիմնականում արտահայտվում է համակարգային հիվանդությունների ֆոնի վրա, ունի քրոնիկական  բնույթ, հիմնականում նկատվում է ատամների շարժունության և լնդագրպանիկների բացակայություն, հատկապես հիվանդության վաղ փուլում, լինում է վզիկների և արմատների մերկացում`առանց լնդերի  բորբոքման, տեղի է ունենում ոսկրային հյուսվաքի պրոգրեսիվ լուծում:

 

Ամբողջ աշխարհում ավելի արդյունավետ է համարվում պրոֆիլակտիկան (կանխարգելումը) և բուժումը հիվանդության վաղ փուլում, քան գանգատներ ունենալուց հետո հայտնաբերված հիվանդության բուժումը: Հատկապես զարգացած երկրներում բժշկական ապահովագրության հիմնական պահանջն է պրոֆիլակտիկ զննումները, քանի որ ապահովագրական ընկերության կամ պետության համար դա ավելի արդյունավետ և քիչ ծախսատար է, քան պատահաբար հայտնաբերված հիվանդության բուժումը: Օրինակ` Գերմանիայում պացիենտը պարտավորվում է ինքնուրույն հոգալ բուժման ծախսերը, եթե չի հետևել պարտադիր պրոֆիլակտիկ զննումների գրաֆիկին, ժամանակին չի այցելել բժիշկի ու հիվանդությունը հայտնաբեվել է զարգանալուց, գանգատներ ունենալուց հետո միայն: Այդ պատճառով գերմանիայի բնակչությունը շատ պարտաճանաչ, հստակ գրաֆիկով այցելում է բժիշկի` նույնիսկ գանգատներ չունենալու դեպքում:

Բացառություն չի հանդիսանում նաև մեր` ստոմատոլոգիայի  ոլորտը: Մասնավորապես,  պարօդոնոտի խնդիրներից խուսափելու համար կարող ենք տալ որոշ խորհուրդներ:

1. Ամենահեշտը գինգիվիտի կանխարգելումն է - անհրաժեշտ է տարին 1-2 անգամ բուժզննում անցկացնել, հեռացնել ատամնային նստվածքները: Այդ գործընթացը պացիենտից պահանջում է շատ քիչ ժամանակ և բավականին արդյունավետ է` գինգիվիտից խուսափելու համար: Ջրի բաղադրության մեջ մտնող աղերը միշտ նստվածք են թողնում թեյնիկի հատակին և մեզ համար նկատելի դառնում: Նույն ձևով թքի բաղադրության մեջ մտնող աղերից և ատամնափառից ձևավորվում է ատամնաքարը: Տարբեր մարդկանց մոտ այդ պրոցեսն ունի տարբեր ինտենսիվություն` կախված պացիենտի հիգիենայից, թքի բաղադրությունից, նյութափոխանակությունից, գենետիկական  նախատրամադրվածությունից և այլ հանգամանքներից:

Նշենք, որ ատամնաքարերը լինում են վերլնդային և ստորլնդային: Վերջիններս աննկատ են մնում պացիենտի աչքի համար, հայտնաբերվում են միայն գործիքով զննելիս, և եթե դուք համոզված եք, որ  ատամնաքար չունեք, քանի որ այն չեք տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դրանք չկան:

2. Պարօդոնտիտը պահանջում է մի փոքր ավելի ուշադիր մոտեցում. Տարին 2 անգամ պարտադիր ատամնաքարերի հեռացում, հարկ եղած դեպքում նաև դեղորայքային բուժում` ողողումների, ներքին ընդունման դեղերի և տեղային քսուքների տեսքով:

3. Պարօդոնտոզի դեպքում բացի բժիշկ-ստոմատոլոգի մոտ տարին 2 անգամ պարտադիր այցերը, պահանջվում է նաև հայտնաբերել պարօդոնտոզի առաջացման պատճառը. Դա հաճախ լինում է համակարգային հիվանդությունների հետևանքով (սիրտ-անոթային համակարգի հիվանդություներ, շաքարային դիաբետ, նյութափոխանակության խանգարումներ, երիկամային հիվանդություններ և այլն): Այս դեպքում պետք է բուժումն իրականացնել տվյալ ոլորտի մասնագետ-բժիշկի հետ համատեղ` բուժման լավագույն արդյունքն ստանալու համար: Պարօդոնտոզը  շատ հաճախ հանդիպում է բարձիթողի դեպքերում, երբ պացիենտը երկար ժամանակ չի հետևել բերաին խոռոչի հիգիենային և խնդիրներին:

 

  Որպես վերոգրյալի ամփոփում` խորհուրդ ենք տալիս տարին 2 անգամ այցելել բժիշկ-ստոմատոլոգի, տեղեկանալ Ձեր խնդիրներին և ժամանակին տալ դրանց անհրաժեշտ լուծումներ:

   Եղեք առողջ, ժպտացեք անկաշկանդ: